Խոստովանում է պաշտոնաթող թուրք դեսպանն Անկարայում հրավիրված միջոցառմանը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումն սպառել է թուրքական ժխտողականության դիրքերը: Դա հանգեցրել է այդ գործընթացը հակաքայլերով կասեցնելու Թուրքիայի հնարավորությունների սպառմանը: Ժխտողականության դիրքերի եւ կասեցման հնարավորությունների սպառման պայմաններում թուրքական քաղաքական շրջանակները համոզվել են, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն անդառնալի է, ինչը նրանց կանգնեցրել է հուսահատության եզրին: Հուսահատությունը ենթադրում է հուսահատ ճիգեր, որոնց գործադրումը դառնում է ցեղասպանության ճանաչման գործընթացին հակադրվող գիտական եւ քաղաքական միջոցառումների անարդյունավետության յուրահատուկ խոստովանություն Թուրքիայում:

Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դիրքերի սպառումն ու հայկական բանաձեւերին հակադրվող միջոցառումների անարդյունավետությունը խոստովանելու առումով հատկանշական է «1915-ի իրադարձություններում բուն ճշմարտություններն ու դրանց այսօրվա անդրադարձը» թեմայով Անկարայում հրավիրված «կլոր սեղանը»:

Նոյեմբերի 22-ին «կլոր սեղանը» հրավիրվել է «Բաշքենթ» համալսարանի ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանն իբրեւ բանախոս մասնակցել են պաշտոնաթող դեսպան, ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության պատգամավոր Շյուքրյու Էլեքդաղը, պաշտոնաթող դեսպան, Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը եւ Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների բաժնի պրոֆ. Քեմալ Չիչեքը:

«Կլոր սեղանը» ելույթով բացել է «Բաշքենթ» համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆ. Սելջուկ Ուսլուն: Նա նշել է, որ բանախոսները ոչ այնքան կանգ կառնեն 1915-ի իրադարձությունների, որքան դրանց առնչությամբ Թուրքիայի ռազմավարության վրա, ավելացնելով. «Տպավորությունն այն է, որ Թուրքիան չունի որդեգրած լուրջ քաղաքականություն «ցեղասպանության» պնդումների դեմ»:

«Բաշքենթ» համալսարանի ռեկտոր, պրոֆ. Մեհմեդ Հաբերալը կանգ է առել 1915-ի իրադարձությունները պատմական ճշմարտությունների լույսի տակ ուսումնասիրելու անհրաժեշտության վրա, իսկ պրոֆ. Ունսալ Յավուզը, որը վարում էր «կլոր սեղանը», համաշխարհային հասարակական կարծիքի վրա ազդելու առումով անբավարար է համարել 1915-ի իրադարձությունների առնչությամբ առ այսօր Թուրքիայում կատարված հրատարակությունները:

Բանախոսներից պրոֆ. Չիչեքը, ամփոփելով 1915-ի իրադարձությունների պատմությունը, հայկական լոբբին խիստ կազմակերպված է համարել աշխարհում եւ մատնանշել, որ դրա ուժը պայմանավորված է ոչ թե Հայաստանի, այլ օտարերկրյա աջակցությամբ: Նա միաժամանակ զգուշացրել է, որ ցեղասպանության պնդումներում հայկական կողմի նպատակը Թուրքիայի պարզունակ ներողությունը չէ, այլ փոխհատուցումն ու հողային պահանջներն են:

Նախկին դեսպան Լյութեմն անդրադարձել է Հայկական հարցի առնչությամբ անցյալում թույլ տրված թյուրիմացություններին, նշել է, որ դրանք միտումնավոր չեն եղել, ցեղասպանության հայկական պնդումներն ի հայտ են եկել 50-ականներին, Թուրքիան դրանց նկատմամբ աչալուրջ չի եղել, այդ պնդումներին արձագանքել է 80-ականներին միայն եւ հասել որոշակի հաջողության:

Այնուհետեւ Լյութեմն ընդգծել է. «Հայկական հարցը միջազգային բնույթ է ստացել այն ժամանակ, երբ դադարել է ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությունը: Նա Թուրքիայի հետագա քայլերին անդրադառնալիս ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ առաջարկել է երկկողմ պայքար: Միջազգային ասպարեզում այդ պայքարը պետք է ենթադրի պատժամիջոցների կիրառումը ցեղասպանությունը ճանաչող երկրների դեմ, պայմանով, որ դրանք, ըստ Լյութեմի, ելնեն որոշակի սկզբունքներից: Իսկ գիտական ասպարեզում, վերջինի կարծիքով, պետք է վերլուծական քննադատության ենթարկել հայ հեղինակների որոշ աշխատությունները, որպեսզի հնարավոր լինի հերքել ցեղասպանության հայկական պնդումները:

Վերջում Լյութեմն ավելացրել է. «Չպետք է մտածել, որ առաջարկվող միջոցառումները կարճ ժամանակահատվածում արդյունք կտան: Այս անելանելի իրավիճակում մենք հայտնվել ենք տարիների վաղեմություն ունեցող գործընթացի հետեւանքով, ուստի դրանից ձերբազատվելու համար եւս տարիներ են պահանջվելու»:

Նախկին դեսպան Էլեքդաղն իր ելույթում ընդգծել է. «92 տարի շարունակ առաջ քաշվող ցեղասպանության հայկական պնդումները քաղաքական եւ տնտեսական առումներով հյուծում են Թուրքիային»: Նա նշել է, որ այդ պնդումների հիմքում մեծ Հայաստանի կերտումն է, թեեւ Թուրքիան բացելով արխիվները, համատեղ ուսումնասիրության պատրաստակամություն է հայտնել, սակայն ձեռք բերված արդյունքներն ամենեւին մխիթարական չեն իրենց համար:

Էլեքդաղի հավաստմամբ, Հայկական հարցը հանգեցրել է քարոզչական պատերազմի, աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների եւ համաշխարհային հասարակական կարծիքի վրա ազդելու առումով թուրքական կողմն այս պատերազմում զիջում է հայկականին, ինչի հետեւանքով հայկական կողմը ձեռք է բերել քաղաքական նոր դիրքեր, որոնց հակակշռումը Թուրքիային չի հաջողվում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/11/29/609/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv