Nov
27
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ` ԵԹԵՐ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ` ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՊՈՂՈՏԱՆ
Filed Under AZG Armenian Daily
Լրատվամիջոցների ազատ աշխատանքի ապահովումը դարձել է վրաց ընդդիմության հիմնական պահանջը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 24-ին կառավարության նիստում հայտարարեց, իսկ նոյեմբերի 25-ին ներկայացրեց իր հրաժարականը` հունվարի 5-ին արդեն խորհրդարանի հաստատմամբ անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու նպատակով: Նոյեմբերի 25-ին իր ծրագիրն իրականացրեց նաեւ վրաց ընդդիմությունը` երկրում արտակարգ դրությունը հանելուց հետո հավաքվելով հանրահավաքի:
Թբիլիսիի կենտրոնում կիրակի օրը հավաքված ընդդիմադիրները երկրի իշխանություններին 4 պահանջ ներկայացրին` չիրականացման դեպքում հանրահավաքները շարունակելու հեռանկարով: Պահանջների շարքում ամենից առաջ հնչեց նախագահական արտահերթ ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրած օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլուն պատկանող (ներկայումս միայն կառավարման կտրվածքով ամերիկյան «News corporation» ընկերությանը հանձնված), ընդդիմության համար գրեթե միակ եթեր ապահոված «Իմեդի» հեռուստաընկերության հեռարձակման վերականգնումը:
Ընդդիմությունը պահանջել է նաեւ ընդհանրապես լրատվամիջոցների վրա ճնշումների վերացում ու լրագրողների նորմալ աշխատանքային պայմանների ապահովում: Բացի այդ, ընդդիմադիր գործիչների կիրակնօրյա հավաքում պահանջել են ազատ արձակել նոյեմբերի 7-ի ցույցի ընթացքում ձերբակալված մասնակիցներին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները:
Թբիլիսիի քաղաքապետարանի թույլատրած ժամանակահատվածում` ժամը 14-18-ը ցուցարարները հասել են մինչեւ խորհրդարանի շենք, ապա ցրվել: Օրինակելիության իրենց բաժինն են ցուցադրել նաեւ վրաց ոստիկանները` այս անգամ միայն դիտորդի դերով բավարարվելով: Թերեւս միայն վրացիներին հատուկ ավարտ է ունեցել հանրահավաքը` եկեղեցում մոմավառությամբ եւ աղոթքով: Ու չնայած վրաց ընդդիմությունն այնքան էլ միասնական չգտնվեց մեկ թեկնածու առաջադրելու համար, ընդդիմադիր թեկնածուների նպատակը մնում է նույնը` Վրաստանը դարձնել խորհրդարանական հանրապետություն:
Երեկ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն ավարտվեց նախագահի թեկնածուների հայտերի ընդունումը: Երկու տասնյակից ավելի թեկնածուների շարքում նշենք նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Միացյալ ընդդիմությունն առաջարկում է Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությունը, լեյբորիստներն առաջադրում են իրենց նախագահ Շալվա Նաթելաշվիլուն, «Նոր աջերը»` Դավիթ Գամկրելիձեին:
Օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու թեկնածության առաջադրման հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը` Գեորգի Ժվանիան: Պետական հեղաշրջման մեջ մեղադրվող Պատարկացիշվիլին Վրաստան կժամանի միայն, եթե գրանցվի նրա թեկնածությունը: Ընդ որում, Պատարկացիշվիլու հայտարարությունը, թե ընդդիմության միասնական թեկնածուի դեպքում կհանի իր թեկնածությունը, մնում է ուժի մեջ: Ի դեպ, թեկնածուների թվում կա նաեւ ադրբեջանցի, թերեւս անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ:
Վրաց օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր թեկնածուի համար մինչեւ դեկտեմբերի 5-ը ԿԸՀ պետք է ներկայացվի 50000 ստորագրություն, որից հետո երկօրյա ժամկետում ԿԸՀ-ն կստուգի ստորագրությունների իսկությունն ու սխալներն ուղղելու համար երեք օր տրամադրելուց հետո՝ դեկտեմբերի 12-ին կհայտարարի այն մարդկանց անունները, որոնք պաշտոնապես որպես թեկնածու կմասնակցեն նախընտրական քարոզարշավին:
Մինչեւ Վրաստանի նոր նախագահի երդմնառության պահը ներառյալ երկրի նախագահի պարտականությունները կիրականացնի վրաց խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Միայն թե արդեն իսկ նախագահական լիազորությունները ժամանակավորապես երկրորդ անգամ ստանձնող Բուրջանաձեն, նախորդ՝ 2003 թվականի նոյեմբերից 2004-ի հունվարին իր «նախագահության» համեմատությամբ, գրեթե ոչ մի իրավունք չունի:
Խոսքը խորհրդարանը, կառավարությունը ցրելու, ուժային նախարարներին փոխելու իրավունքների մասին է, որոնցից Բուրջանաձեն օգտվեց նախորդ անգամ` ապահովելով «վարդերի» հեղափոխության իրականացման «ֆորմալ» կողմը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
