Nov
26
ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ Է, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ
Filed Under AZG Armenian Daily
Գեորգի Խուխաշվիլու կարծիքով՝ տարածաշրջանային զարգացումն ունի վեկտոր ու Հայաստանին մնում է միանալ դրան
Նոյեմբերի 21-ին Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները Արեւելյան Վրաստանի Մարաբդա բնակավայրում մասնակցեցին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի վրացական հատվածի շինարարության սկիզբը հայտարարող արարողությանը: Կարս-Ախալքալաք նախագծի շահավետության, նպատակահարմարության եւ տնտեսական նշանակության առնչությամբ «Ազգին» պարզաբանումներ է տալիս Գեորգի Խուխաշվիլին: Նա 1999-ից մինչեւ 2005-ը Վրաստանի ներմուծողների ասոցիացիայի նախագահն է եղել, 2003-ին`«Վրաստանի երկաթգծեր» ընկերության կորպորատիվ կառավարման նախագահը: Ներկայումս Հասարակական նախագծերի կենտրոնի վարչության նախագահն է, տնտեսական հարցերով Վրաստանի առաջատար փորձագետ է, հայտնի խորհրդատու:
- Ի՞նչ է նշանակում Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության նախագիծը Վրաստանի համար:
- Ելնելով աշխարհում տիրող իրավիճակից, այսինքն` Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններ, ռիսկային առաջացումներ այդ հարաբերություններում, Ռուսաստանի կողմից քաղաքական նպատակներով էներգետիկ զենքի, տարբեր տեսակի ենթակառուցվածքների օգտագործում նախկին խորհրդային տարածությունում, Արեւմուտքում լուրջ մտածում են Արեւելքն Արեւմուտքին կապելու մասին` շրջանցելով Ռուսաստանը: Ռուսաստանը շրջանցող նոր առանցքի, նաեւ տրանսպորտային առանցքի ուրվագծումն արդեն իսկ տեսանելի է: Կարս-Ախալքալաք երկաթգծի նախագծի նշանակությունն էլ ես տեսնում եմ այս համատեքստում, այսինքն` ի շրջանցումն Ռուսաստանի ձեռք բերել նոր ուղիներ: Զուտ տնտեսական առումով այս նախագիծը խնդիրներ է ստեղծում ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի համար` տրանսպորտային մրցակցության եւ քաղաքական ազդեցության իմաստով:
- Ի՞նչ արդյունք կարող է տալ նախագիծը Վրաստանին: Արդյոք միանշանակ տնտեսակա՞ն նախագիծ է` տնտեսական դիվիդենտներով:
- Այս նախագծի քաղաքական նշանակությունը շատ մեծ է եւ իմ նշած բոլոր գործոնները վկայում են քաղաքական կարեւորության մասին: Ինչ վերաբերում է տնտեսական բաղկացուցիչին, ապա այստեղ կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Կան որոշակի ռիսկեր` կապված այդ նախագծի իրականացման հետ: Վրաստանը այս նախագծի իրագործմամբ ներքին մրցակցություն է ստանում երկու ուղիների միջեւ` Կարդաբանից վրացական նավահանգիստներ` Բաթում եւ Փոթի, իսկ երկրորդ երթուղին նոր երկաթգծով է, որը շրջանցում է վրացական նավահանգիստները եւ վրացական նավահանգիստների համար բեռները կորցնելու ռիսկ է առաջանում: Մենք այսօր ստանում ենք եկամուտ ոչ միայն ուղղակի տեղափոխումից, այլեւ նավահանգիստների օգտագործումից, ինչը Վրաստանի համար փոքր փողեր չէ: Ռիսկ է առաջանում, որ այդ բոլոր բեռները կվերահասցեավորվեն թուրքական միջերկրածովյան նավահանգսիտներ եւ կշահեն թուրքական նավահանգիստները: Դա պետք էր ժամանակին լավ հաշվարկել, հենց նախագծի քննարկման ժամանակ, բայց, ցավոք, ինչպես մեզ մոտ շատ հաճախ պատահում է, նախ ընդունվում են որոշումներ, հետո սկսում են մտածել:
Ելնելով նախագծի նշանակությունից եւ դրա ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ բնույթից` ամեն դեպքում ավելի շատ դրական, քան բացասական կետեր եմ տեսնում: Իսկ ռիսկերը կարելի էր ապահովագրել, մենք մի քիչ ուշացել ենք, բայց այդ երկրների հետ կարելի է բոլոր հարցերը քննարկել եւ փորձել ինչ-որ երաշխիքներ ստանալ: Ցավոք, մենք այդ նախագծից եկամուտ չենք ստանա, քանի որ վարկով է կառուցվում, որի դիմաց տոկոսները պիտի գանձվեն հենց հնարավոր եկամուտներից: Ոչինչ չենք ստանա նաեւ նավահանգիստներում: Սրանք են առաջացող հիմնական հարցերը:
- Կարելի՞ է ասել, թե այս նախագիծն ավելի շատ անհրաժեշտ է Թուրքիային, Ադրբեջանին, հատկապես որ նրանք պատրաստակամ վարկ են տրամադրել` 25 տարի ժամկետով եւ տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով:
- Չեմ կարծում, թե ադրբեջանական կողմին այս նախագիծը շատ է անհրաժեշտ, քանի որ նրանք խնդիր չունեին, առանց սրա էլ վրացական նավահանգիստներով տանում էին իրենց բեռները: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքական կողմը բացարձակապես կոնկրետ օգուտներ է ստանում այս նախագծից եւ սկզբունքորեն այս նախագիծն ավելի շատ թուրքական է, քան վրացական կամ ադրբեջանական: Քաղաքական օգուտների առումով Թուրքիան կարծես հիմա փորձում է դառնալ Արեւելք-Արեւմուտք կապող օղակը, եւ այդ առումով որոշակի հաջող համագործակցություն կա Վրաստանի հետ, նրանք լավ աշխատում են մեր օդափոխադրումներում, կառավարում են Վրաստանի օդանավակայանները: Եվ որքան Հայաստանը շուտ միանա տարածաշրջանային ծրագրերին, այնքան լավ, քանի որ ճիշտ չէ, երբ տարածաշրջանը անհավասարաչափ է զարգանում, դա չի բարելավում հարաբերությունները: Ամեն դեպքում, Վրաստանը Հայաստանի հետ որեւէ խնդիր չունի: Այս ամենին խանգարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ հարցերը այսպես թե այնպես պետք է լուծել, քանի որ իրավիճակը գնալով ավելի կվատանա, տարածաշրջանի զարգացման առումով անհամամասնությունը գնալով կմեծանա:
- Զուտ տնտեսական եւ անգամ տեսական առումով ինչպե՞ս կարող է Հայաստանը ներգրավվել տարածաշրջանային այն ծրագրերում, որոնք մեկուսացնելու նպատակով են իրականացվում: Արդյոք Կարս-Ախալքալաքին կարո՞ղ է միանալ Գյումրի-Կարսն ու լինել տնտեսապես արդարացված:
- Սկզբունքորեն ոչ մեկը դրան դեմ չէ, բայց կան որոշակի խանգարող պահեր: Ներկա քաղաքական իրադրությունում դա իրատեսական չէ, բայց կարող է Գյումրի-Կարս գիծը միանալ` գտնելով խանգարող խնդիրների լուծումը: Կան որոշակի հարցեր Թուրքիայի հետ, որոնք երկխոսությամբ պետք է լուծել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ամեն դեպքում քաղաքական գործիչները պետք է մտածեն հարցերի լուծման մասին եւ հնարավորինս արագ:
- Ի՞նչ նախագծերի համար կարող է Կարս-Ախալքալաք նախագիծը հիմնարար դառնալ, արդյոք այն հետագա զարգացման հնարավորությո՞ւն է տալիս:
- Տեղական նպատակն այս նախագծի ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման կտրվածքով օգտակար կլինի կոնկրետ շինարարության տարածաշրջանում ապրող մարդկանց համար: Հայտնի է, որ այդ տարածաշրջանը բավականին դեպրեսիվ է, ուստի ուղղակի էֆեկտը այդ տարածաշրջանի համար դրական կլինի: Կա նաեւ անուղղակի ազդեցություն. տրանսպորտային առումով այդ տարածաշրջանը բավականին բարդ է, բեռնափոխադրումների առումով` դժվար ու թանկ, ինչի հետեւանքով գործարարությունը չի զարգանում: Տրանսպորտային նոր հնարավորության պայմաններում բեռնափոխադրումների գները կիջնեն, ինչի հնարավորություն տալիս է այս նախագիծը: Իրադրությունն իսկապես նորմալ չէ, երբ մեծ մասամբ ծագումով հայ մեր քաղաքացիներով բնակեցված տարածաշրջանի քաղաքական-հոգեբանական գործոնը խանգարում է տարածքը լիարժեք միացնելու ընդհանուր համակարգին: Ամեն դեպքում, այս նախագծի խափանումը բնավ էլ Հայաստանի շահը չէ, այլ ամենից առաջ Ռուսաստանի: Հասկանալի է, որ Հայաստանն առկա քաղաքական իրադրությունում ստիպված է լինել Ռուսաստանի կողքին տարբեր հարցերում, բայց տարածաշրջանը բացարձակապես այլ ուղղությամբ է զարգանում եւ վաղ թե ուշ պետք է շարժվել այդ ուղղությամբ, այլապես երկարաժամկետ հեռանկարում բարդ հարաբերություններ կլինեն հենց տարածաշրջանում: Հայաստանը նույնքան Եվրոպա է, որքան Վրաստանը, մնում է շարժվել այդ ուղղությամբ:
- Մի կողմ թողնելով քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակությունը, որ տրվում է այս նախագծին, զուտ տնտեսական առումով կարելի՞ է այն Վրաստանի համար մեծապես շահավետ համարել:
- Ամեն դեպքում այդ նախագիծը Վրաստանին պետք էր իրականացնել: Նախագծի արգելափակումը ճիշտ չէր լինի, քանի որ Արեւելք-Արեւմուտք աշխարհաքաղաքական առանցքը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, զարգանում է եւ կանգնեցնել հնարավոր չէ: Նախագիծը կարեւոր է Արեւմուտքի համար, իսկ հավասարակշռության վրա խաղալն արդեն անիմաստ է, որովհետեւ այսօրվա պատերազմները չեն մղվում ռազմաճակատներում, դրանք իրականացվում են տնտեսության մեջ: Իսկ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագիծն իսկապես Արեւելք-Արեւմուտք կապող օղակ է, ուստի մնում է աշխատել այդ գծին միանալու ուղղությամբ: Վրաստանը կարող է դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում, հատկապես որ տարածքները որպես այդպիսին դառնում են առանց սահմանների, եւ այսօր երկրներին տիրանում են տնտեսության, էներգետիկայի միջոցով:
- Իսկ ինչ կասեք այնպիսի որակումների մասին, թե Վրաստանը համաձայնեց նախագծին` ադրբեջանական գազի դիմաց, Ադրբեջանի հատկացրած երկարաժամկետ ու ցածր տոկոսով վարկն էլ` եւս մեկ գործոն չմերժելու:
- Գուցե այդ գործոններն ազդել են, բայց այս նախագծի դրական ու բացասական կողմերի համադրումից ակնհայտ է, որ դրական կողմերն ավելի շատ են: Ես միայն կավելացնեի, որ վրացական իշխանությունները բանակցությունների ընթացքում չհասան այն ամենին, ինչ կարելի էր ձեռք բերել: Հաշվի առնելով, որ նախագիծը տնտեսապես ավելի շահավետ է Թուրքիային, Վրաստանը կարող էր ավելի լավ պայմաններ ստանալ` ապահովագրելով հնարավոր ռիսկերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս նախագիծն ադրբեջանական կողմին, որպես եւս մեկ ենթակառուցվածք, չի խանգարի: Ամեն դեպքում, Ադրբեջանը եթե եկամուտ, շահ ունենալու որեւէ լրացուցիչ խթան ձեռք չբերի` ոչինչ չի կորցնում: Ադրբեջանի դեպքում ես տնտեսական մոտիվացիա տեսնում եմ: Իսկ քաղաքական մոտիվացիան չեմ կարող մեկնաբանել, միայն ասեմ, որ Ադրբեջանը եւս որոշակի ռիսկեր ունի կապված այս նախագծի հետ, քանի որ նախագիծն իրականացվում է հայերով բնակեցված տարածքով եւ սուբյեկտիվ մոտեցման դեպքում Ադրբեջանին պետք է դուր չգա, որ հայերը ստանում են աշխատանք, իրավիճակի բարելավում: Ես չեմ կարծում, թե ադրբեջանցիները միացան նախագծին հայերին տհաճություն պատճառելու համար:
Ինչ էլ լինի, պետք է հասկանալ, որ սա մեր տարածաշրջանն է, աշխարհագրությունը մնում է աշխարհագրություն, պետք է գտնել շփման այն գծերը, որ հնարավորություն կտան մեզ համաչափ զարգանալու: Զարգացման յուրաքանչյուր անհամաչափություն կգործի ի նպաստ այլ երկրների շահերի:
Source: http://www.azg.am
Permanent link: http://www.armpress.com/azg/2007/11/26/567/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
