Nov
22
ԸՍՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՕԳՏՎԵԼՈՒ ԲԱՔՈՒ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻՑ
Filed Under AZG Armenian Daily
Մի քիչ էլ ու նախագիծը համատիեզերական նշանակության կկոչեին
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի շինարարության սկիզբն ազդարարող պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ երեկ Արեւելյան Վրաստանի Մարաբդա բնակավայրում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլու, Իլհամ Ալիեւի եւ Աբդուլահ Գյուլի մասնակցությամբ, մինչդեռ նախագծի շինարարության համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս փետրվարի 8-ին:
Ենթակառուցվածքների շինարարության ծախսերի հետ 600 մլն դոլար արժեցող այս նախագծի իրականացման ընթացքում Վրաստանի տարածքում շինարարության համար նախատեսված է ծախսել 200 մլն դոլար, որն արդեն հատկացրել է Ադրբեջանի կառավարությունը` որպես վարկ, 25 տարի ժամկետով եւ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, Վրաստանի տարածքում երկաթգծի շինարարության աշխատանքների իրականացման մրցույթում ներկայացված երեք` վրացական, ադրբեջանական եւ թուրքական ընկերություններից հաղթող է ճանաչվել ադրբեջանական «Ազերինշատ սերվիս» ընկերությունը:
Նախատեսվում է երկաթգծի շինարարությունն ավարտել մինչեւ 2009 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ մինչ այդ` արդեն 2008 թվականի հունվարի սկզբին, շինարարությունն իրականացնող ադրբեջանական ընկերությունը պետք է ներկայացնի աշխատանքների կատարման ժամանակացույց:
«Ախալքալաք-Կարծախ» երկաթգիծը «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» նախագծի մի հատվածն է, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 105 կմ-անոց նոր երկաթգիծ, որից 76 կմ-ը կանցնի Թուրքիայի եւ 29 կմ-ը` Վրաստանի տարածքով: Բացի այդ, կվերանորոգվի «Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի» հատվածը, որը գտնվում է վթարային վիճակում: Իսկ Ախալքալաքում կկառուցվի եվրոպական երկաթուղային գծերից վրացականին անցնելու կետ:
Սաակաշվիլու խոսքերով, «Կարս-Թբիլիսի-Բաքու» գծի շինարարությունը «դարի նախագիծ» է, որի միջոցով Վրաստանը դուրս է գալու այն վիճակից, որ ստեղծվել է Աբխազիայով անցնող երկաթգծի փակվելուց ի վեր: Ձեռաց վստահություն դրսեւորելով երկրորդ շրջանում Վրաստանի նախագահի աթոռը զբաղեցնելու առնչությամբ` Սաակաշվիլին երկաթգծի շինարարության բացման արարողությանը հայտարարել է, որ կհասցնի դառնալ Թբիլիսի-Ստամբուլ երկաթգծով եւ այդ կերպ դեպի Եվրոպա մեկնող գնացքի առաջին ուղեւորը դառնալ:
Հնարավոր բոլոր գեղեցիկ ածականների կողքին Վրաստանի նախագահն այս նախագիծն անվանել է նաեւ «աշխարհաքաղաքական մեծ հեղափոխություն»: «Վրաստանը դառնում է Եվրոպայի մաս ոչ միայն պատմականորեն, մշակույթով ու քաղաքակրթությամբ, այլեւ աշխարհագրական առումով», նշել է Սաակաշվիլին: Առավել հետաքրքրական է, որ Սաակաշվիլին իր խոսքում ընդունել է, որ այս նախագիծը «կկենդանացնի տարածաշրջանը, որ տնտեսապես մեկուսացված էր»:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն, իր հերթին, ընդգծելով նախագծի պատմականությունը, նշել է, թե գործարկվելուց հետո այն կենդանություն կհաղորդի նաեւ «Մետաքսի ուղուն»: Չինաստանից մինչեւ Մեծ Բրիտանիա բեռներ տեղափոխելու հեռանկարները Թուրքիայի նախագահի համար իրատեսական են, իսկ Ղազախստանի մասնակցությունը` էական: «Անցյալ տարի մենք կազմակերպեցինք շատ հանդիպումներ եւ Ղազախստանը պատրաստակամություն հայտնեց այս երկաթգծով մինչեւ 10 մլն տոննա բեռ տեղափոխել», հայտարարել է Գյուլը:
Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկաթգծի նշանակությունը համաշխարհային կարեւորության է որակել: Բավականին յուրօրինակ կարելի է մեկնաբանել բացման արարողությանը հնչած Ալիեւ կրտսերի հետեւյալ խոսքերը. «Կարելի է այսօր ասել, որ Վրաստանը եւ Ադրբեջանն ավելի են ամրացնում իրենց անկախությունը` միանալով համաշխարհային տնտեսությանը: Մենք պետք է օգնենք միմյանց նաեւ ապագայում: Մեր բոլոր ջանքերը, բոլոր նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն այսպիսի նախագծերի իրականացմանը…»:
Բնականաբար, Ալիեւն անդրադարձել է նախագծի «իրագործման դժվարություններին», ընդգծելով, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանն արտահայտել են իրենց կամքը եւ «արել ամեն ինչ, որ կարգավորեն նախագծի իրականացման տեխնիկական եւ այլ հարցերը»: «Այս նախագիծը մեր երկրների սերտ համագործակցության ապացույց է: Այս նախագծերը (նկատի ունի նաեւ Բաքու-Ջեյհանը - Ա.Հ.) ուղղված չեն որեւէ մեկի դեմ, այլ նպաստում են բարեկամության հաստատմանը», հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Ամեն դեպքում, պակաս կարեւոր չէ նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի եւ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերի ստորագրումը: Կարեւորելով այդ համաձայնագրերը` Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին, թերեւս զուտ վրացական տրամաբանությամբ կամ հիմնավորվածությամբ, հայտարարել է, թե այդ փաստաթղթերը կիրականացնեն Վրաստանի նախագահի` Կովկասում տնտեսական միասնական տարածության ստեղծման գաղափարը, «որտեղ լուրջ խաղացողներ կհամարվեն Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան»:
Իշխանական հիերարխիայի ավելի ցածր մակարդակով էլ Վրաստանը հայտարարում է, թե նախագծի իրականացումը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանին եւ Վրաստանին: «Ճիշտ հարաբերությունների ձեւավորման դեպքում այս նախագիծը կարող է օգտակար լինել բոլորին, այդ թվում` Հայաստանին եւ Ռուսաստանին: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», հայտարարել է վրաց նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Կոնստանտին Կեմուլարիան:
Այսպիսով, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության մեկնարկը տրված է, մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են` հատկապես հարեւանների «բարիդրացիական ու համագործակցության» մասին հայտարարությունների ֆոնին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
