ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆԻՄեկ տարի անց եկեղեցին կդառնա քրիստոնեական մշակույթի թանգարան
ՌՈւԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Կարս -Երեւան

«Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի - եւ բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար: Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում - նո՛ւյնն է Առաքելոց եկեղեցին նաիրյան այդ քաղաքում: Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար - նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին- Առաքելոց եկեղեցին»:

(Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի», 1921 թ.):

Սուրբ Առաքելոց եկեղեցու դիմաց կանգնել էր սպիտակամաշկ, նշաձեւ աչքերով մի մանչուկ` շանը գրկած: Երկար ժամանակ կանգնել ու չէր գնում: Եկեղեցին լուսանկարելիս ուզեցի իրեն էլ նկարել, բայց խուսափեց գլուխը թեքելով: Մոտեցա, որ հետը խոսեմ, բայց… ի՞նչ լեզվով, այսօրվա կարսեցիները խոսում են միայն թուրքերեն ու քրդերեն, անգլերեն իմացողները քիչ են:

Եկեղեցու առջեւ դրված էին ցեմենտի պարկեր, քարեր: Մուտքի մոտ ցեխաշաղախ քարակույտեր էին, փորձեցի մի կերպ ներս մտնել, բայց հաջորդ վայրկյանին հետ մղվեցի՝ գավթից ցած թափվող քարերից հարված ստանալուց զգուշանալով: Ներսում վարից վեր փայտե սանդղակներ էին, գավթի հատվածում գործը գրեթե ավարտին էր մոտենում՝ եկեղեցուն «ազգային» շունչ հաղորդելու համար թուրքերը գավթի շուրջը գծել էին մահմեդական լայնեզր զարդանախշ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության կենտրոնը:

Առաջին անգամ Կարս ոտք դնող հային Առաքելոցը ձգում է հարազատ ծնողի պես, գիրկն առնում, հուզում եւ իր անմեկնելի պարզությամբ ու վեհությամբ դառնում է Չարենցի խոսքերով ասած՝ «ուղեղի մորմոք, սրտի հիվանդություն»:

Չարենցի հայրենի քաղաքում այսօր ապրում են քրդեր, եզդիներ, ադրբեջանցիներ եւ քիչ թվով բնիկներ: Կարս քաղաքի ներկայիս կյանքին կանդրադառնանք առանձին, հիմա լսենք Առաքելոցի շինարարական աշխատանքների մասին Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուի խոսքը: Նրան հանդիպեցի Կարսում տեղի ունեցած եվրոպական ֆիլմերի կինոփառատոնի ընթացքում (նոյեմբերի 9-16-ը), որին մասնակցում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աջակցությամբ: Նրա հետ զրուցեցի թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Ալին Թաշճյանի թարգմանությամբ, որը եկել էր փառատոնը լուսաբանելու:

- Ի՞նչ աշխատանքներ են կատարվում եկեղեցու ներսում, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում:

- Աշխատանքներն իրականացնում է Անկարայի մշակութային ժառանգության պահպանության կենտրոնը, որը մասնաճյուղ ունի նաեւ Կարսում: Մեր գործը միայն աշխատանքներին հետեւելն է` Էրզրումից սպիտակ քարեր ենք բերում շինարարության համար, ամեն ինչ անում ենք, որ գործը տեղը տեղին կատարվի: Եկեղեցին շատ հին էր, համարյա փլվում էր, ես խնդրեցի, որ անպայման նորոգվի: Թուրքական կառավարությունն ուշադրություն է դարձնում հայկական հուշարձանների պահպանությանը: Աղթամարից հետո մյուս եկեղեցիներն են նորոգվելու: Առաքելոցում աշխատանքները կավարտվեն եկող տարի, եկեղեցին կդառնա թանգարան, այլ ոչ թե մզկիթ:

- Առաքելոցի հետեւում կառուցված շինությունը նույնպես հայկական է: Հիմա ի՞նչ է այնտեղ՝ բնակելի տուն, թե՞ գրասենյակ:

- Այո, այդ տունը պատկանել է եկեղեցու հոգեւոր ծառայողին: Իմ ջանքերով վերանորոգվել է ու հիմա եկեղեցու հետ դառնալու է մշակութային մեկ կենտրոն:

- Իսկ հայաստանցի մասնագետներից որեւէ մեկի հետ խորհրդակցե՞լ եք, Հայաստանում տեղյա՞կ են շինարարության մասին:

- Ոչ, Առաքելոցի վերանորոգման աշխատանքներին ոչ ոք չի հրավիրվել, չի տեղեկացվել:

Ես շատ մտահղացումներ ունեմ, բայց չեմ կարողանում իրագործել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Ցանկանում էի Կարսում կառուցել հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամության հուշարձան, բայց գործը տեղից չշարժվեց: Ձգտումս է, որ հնարավորինս շուտ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որպեսզի ավելի շատ փառատոներ անցկացնեմ, ավելի շատ հայաստանցիներ այցելեն Կարս:

- Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը ծնվել է Կարսում, 1897 թվականին: Նրա տունը գտել են այստեղ եկած հայաստանցիները: Տունը գրեթե փլված է, իսկ ցանկապատին գրված է` «վաճառվում է», հեռախոսի համար է թողնված: Ունե՞ք արդյոք նպատակ հայկական որեւէ կազմակերպության հետ համագործակցելով Չարենցի տունը թանգարան դարձնելու:

- Առ այսօր չգիտեի, որ հայ մեծ բանաստեղծ է ծնվել Կարսում: Եթե իմանայի, որեւէ բան կձեռնարկեի: Անպայման նրա մասին տեղեկություններ կիմանամ ու կփորձեմ հնարավորության դեպքում որեւէ բան անել:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ հաջորդ տարվանից սկսվում են Անիի Մայր տաճարի վերականգնման աշխատանքները: Դուք գիտե՞ք այդ մասին:

- Այո, հիմա այնտեղ պեղումներ են կատարվում, ուսումնասիրություններ արվում: Այնպես որ, շատ աշխատանք կա անելու: Միայն պետք է, որ մեր երկու երկրները համագործակցեն պետական մակարդակով:

Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/11/21/528/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv