ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՉԷՀայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են 30 մլն դոլար, սակայն երկու երկրներն էլ արագ զարգացող պետություններ են եւ համագործակցության ողջ ներուժն օգտագործված չէ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բուլղարիայի վարչապետը: Նա նաեւ նշեց, որ Բուլղարիան վերջին տարիներին միջին տարեկան 6 տոկոս տնտեսական աճ է արձանագրում, իսկ արտասահմանյան ներդրումներն այդ երկրում կազմել են 4,1 մլրդ դոլար:

Բուլղարիայի վարչապետը հայտնեց, որ իր՝ Հայաստան այցելության հիմնական նպատակը երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելն է: Նա նաեւ կարեւորեց շուրջ 11 հազար բուլղարահայերի ներդրումը երկրի զարգացման գործում: «Հայերը Բուլղարիա եկան դժվար եւ ողբերգական տարիներին եւ հաջողությամբ ինտեգրվեցին բուլղարական հասարակությանը», նշեց Սերգեյ Ստանիշեւը:

Սերժ Սարգսյանը նույնպես մատնանշեց երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների՝ առկա ներուժի համեմատ փոքր լինելը: Նա հայտնեց, որ Հայաստանը Բուլղարիայից հիմնականում նավթամթերք է ներմուծում, սակայն կան նաեւ այլ ապրանքներ, որոնք պահանջարկ կունենան Հայաստանում: Միաժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, մեր երկրում արտադրվող ապրանքատեսակներն էլ կարող են պահանջարկ ունենալ Բուլղարիայում: Տեղեկացվեց, որ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար եկող տարի Բուլղարիայում նախատեսվում է հայ-բուլղարական գործարար համաժողով կազմակերպել:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր խթան կարող է հաղորդել այն հանգամանքը, որ 2008-ի հունվարի 1-ից Բուլղարիան դառնալու է Եվրոմիության անդամ երկիր: Բուլղարիան նախատեսում է յուրաքանչյուր տարի իր համախառն ներքին արդյունքի 0,17 տոկոսը հատկացնել ԵՄ չանդամակցող երկրներին եւ այդ ծրագրի շրջանակներում, ինչպես հավաստիացրեց այդ երկրի վարչապետը, պատրաստ է գումարներ տրամադրել նաեւ Հայաստանին՝ համապատասխան ծրագրերի առկայության պարագայում:

Վարչապետները կարեւորեցին նաեւ մշակութային համագործակցության խորացումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Source: http://www.azg.am

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/11/14/458/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv