Nov
12
Զինվորական դատախազությունը հայտնի «Մատաղիսի» գործով լրացուցիչ նախաքննություն ավարտել է, եւ երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդների փաստաբաններին մինչեւ դեկտեմբերի 28-ը քրեական գործի նյութերին ծանոթանալու ժամանակ է տրվել:
Հիշեցնենք, որ մոտ երեք տարի առաջ Մատաղիսի զորամասում սպանվել էին երկու զինվոր, որոնց սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի երեք զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը, որոնց առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 15 տարվա, իսկ վերաքննիչը` ցմահ ազատազրկման: Տղաներից մեկը` Ռազմիկ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու համար մոտ 120-օրյա հացադուլ էր հայտարարել: Տարիներ տեւած դատավարությունը, հասարակական կազմակերպությունների եւ անհատների աղմուկը ի վերջո նպաստեցին, որ վճռաբեկ դատարանը նախորդ Ամանորի շեմին արդարացման վճիռ կայացնի: Տղաներին ազատ արձակելուց հետո սակայն քրեական գործն ուղարկվել էր լրացուցիչ նախաքննության, որը փաստորեն արդեն ավարտվել է:
Տղաների փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո իրենք մի քանի միջնորդություն կանեն, որոնց ընդունման դեպքում գործը չի մտնի դատարան: Հիշեցնենք, որ տղաների փաստաբանը Զարուհի Փոստանջյանն էր, որը հիմա պատգամավոր է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
