Nov
8
«ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է 1915-Ի ՃԱՆԱՉՄԱՆԸ, ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԱՌԱՋԸՆԹԱՑ ԱԿՆԿԱԼՎԻ»
Filed Under AZG Armenian Daily
Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը
Նոյեմբերի 6-ին եռօրյա պաշտոնական այցով Բաքու էր մեկնել Աբդուլլահ Գյուլը: Սա Թուրքիայի նախագահի պաշտոնում Գյուլի առաջին արտասահմանյան այցն էր: Թվում էր, թե միայն այս հանգամանքը բավարար կլինի թուրքական մամուլի սեւեռուն ուշադրությունն այցի վրա հրավիրելու համար: Սակայն կենտրոնական թերթերը, բացառությամբ Ադրբեջանում հրատարակվող «Զամանի», ոչ միայն ուշադրություն չեն դարձրել այցին, այլեւ դա ածանցել են մյուս խնդիրներին կամ դուրս թողել տեսադաշտից:
Նախագահ Գյուլի այցը, այն էլ հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում, «Զամանի» հետ լուսաբանել են թուրքական հանրային հեռուստատեսությունը, թուրքական NTV-ին եւ «CNN-Turk»-ը: Թերեւս այդ հարաբերություններն են պատճառը, որ վերոհիշյալ լրատվամիջոցներն առանց մանրամասնելու Գյուլի հանդիպումները, այդ թվում նաեւ Իլհամ Ալիեւի հետ, անդրադառնում են Միլի Մեջլիսի նրա ելույթին, որտեղ Գյուլն, ըստ թուրքական հանրային հեռուստատեսության, նախազգուշացրել է Հայաստանին:
Ահա թե ինչ է ասել Աբդուլլահ Գյուլը. «Թուրքիան Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց 1991-ի դեկտեմբերի 16-ին: Թեեւ Հայաստանը Սեւ ծովի ավազանի երկիր չէ, սակայն նրան հրավիրեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն: Դրանով հանդերձ առաջացան Թուրքիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններին խոչընդոտող խնդիրներ: Չեմ կարծում, որ ներկա իրավիճակի համար պատասխանատու լինի Թուրքիան:
Այս իրավիճակը հազիվ թե մեզ գոհացնի, որովհետեւ, հավատում եմ տարածաշրջանի կայունության եւ համերաշխության համար տարածաշրջանային երկրների երկկողմ եւ բազմակողմ բարիդրացիական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությանը:
Ողջ աշխարհը պետք է տեսնի, որ ստեղծված իրավիճակի պատճառը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի թշնամական վերաբերմունքն է, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքների օկուպացումը:
Մենք Հարավային Կովկասի համերաշխության եւ կայունության համար հիմք են ընդունում միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքի՝ տարածքային ամբողջականության հարգանքը, պայմանագրերով հաստատված սահմանների անձեռնմխելիությունն ու անխախտելիությունը, ինչպես նաեւ հավատարմությունը տարաձայնությունների խաղաղ ճանապարհով լուծման սկզբունքին:
Մենք շարունակելու ենք նպաստել եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ ճանապարհով լուծմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Միաժամանակ ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ նույնությամբ պահպանվում է պատմությունը պատմաբանների հայեցողությանը թողնելու վերաբերյալ Հայաստանին հասցեագրված մեր տեսակետը եւ ուժի մեջ է մնում մեր ընդհանուր պատմությունը համատեղ ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
Քանի դեռ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել 1915-ի իրադարձությունների մեկնաբանմանն այլ երկրների խորհրդարաններում, չպետք է առաջընթաց ակնկալել հարաբերությունների նորմալացման հարցում:
Տարածաշրջանում բազմակողմանի համագործակցության նախագծերի շրջանակում Հարավային Կովկասի երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Թուրքիայի միջեւ էներգետիկայի, հաղորդակցության, տրանսպորտի ոլորտներում ամուր հիմքերի վրա դրված ընդհանուր դաշտ է ստեղծվում: Հուսով եմ, որ Հայաստանի բնակչությունը եւս նկատում է այն առավելությունները, որոնք ժողովուրդները ձեռք են բերում խաղաղության եւ համագործակցության ոգով գործելու պարագայում: Կարծում եմ, Հայաստանի ղեկավարներն էլ պետք է հասկանան, որ տարածաշրջանային բոլոր նախագծերը բաց են այն երկրների մասնակցությանը, որոնք հարգանքով են վերաբերվում խաղաղության, համագործակցության, կայունության սկզբունքին եւ բարիդրացիական հարաբերություններին»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Source: http://www.azg.am/
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
