Nov
2
Ռ. Սաֆրաստյանն անդրադառնում է տարածաշրջանային իրողություններին
Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի այսօրվա իրողությունները բնութագրում են Հյուսիսային Իրաքի իրադրության կտրուկ սրումը, Իրանի հետ կապված թնջուկն ու Թուրքիայի դերի կտրուկ բարձրացումը տարածաշրջանում: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը տարածաշրջանի իրավիճակին անդրադառնալիս այս երեք գործոններին անդրադարձավ` նշելով, որ հայկական գործոնը վերջին շրջանում բավական մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհային եւ հատկապես Թուրքիայի քաղաքականության մեջ. «Այս առումով Հայաստանի վրա հատուկ ուշադրություն է սեւեռված մեր տարածաշրջանում»:
Իրաքյան Քուրդիստանի իրավիճակը հղի է խոր հետեւանքներով
Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հյուսիսային Իրաքում` իրաքյան Քուրդիստանի շուրջը ծավալվող իրադարձությունները հղի են հեռուն գնացող հետեւանքներով: Նրա խոսքով, եթե Թուրքիան դիմի պատերազմի, ինչի սպառնալիքներով հանդես եկել է, դրանով կբարձրացնի քրդական գործոնը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հենց Թուրքիայում: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունում բավական շատ են քրդերը, ուստի եթե Թուրքիան գնա ռազմական գործողությունների, կկորցնի իր հենարանի զգալի մասը եւ կթուլանա: Բացի այդ, արեւելագիտության ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ Թուրքիայում գրանցված քրդական «Ժողովրդավարական հասարակության» կուսակցությունը կոչ է արել Թուրքիային Քուրդիստանի տեղական ինքնավարության մասին կետ մտցնել: Այսպիսով, Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիան զգում է քրդական գործոնի ակտիվացումը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով, ուստի լայնածավալ պատերազմական գործողությունների չի դիմի:
«Թուրքիան օգտագործում է լայնածավալ պատերազմ սկսելու սպառնալիքը որոշակի քաղաքական նպատակների հասնելու, տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու ու տարածաշրջանային երկրներին ցույց տալու համար, որ ինքն ուժի կենտրոն է», ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանն ու հավելեց. «Ներկայիս իրադրությունը գնահատելիս Թուրքիան կարծես պատերազմ սկսելու իր կամքը մի քիչ թուլացրել է, բայց դեռ զորքերը մնում են իրենց դիրքերում, դեռեւս շարունակվում է երկրում հակաքրդական քարոզչությունը եւ դեռեւս հնարավոր է, որ պատերազմը սկսվի»:
Թուրքիան նվազեցրել է ԵՄ-ին ինտեգրվելու ջանքերը
Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով, վերջին շրջանում Թուրքիան ոչ միայն մխրճվում է մերձավորարեւելյան քաղաքականության մեջ, այլեւ այնտեղ է սկսել գտնել իր դիրքերն ուժեղացնելու հիմքերը: «Թուրքիայի եվրոպական դիվանագիտությունը վերջին շրջանում թուլացել է, քիչ ջանքեր են գործադրվում այս ուղղությամբ, եւ այս առումով ԵՄ դիրքորոշումը Թուրքիայի համար այն նշանակություն չունի, ինչ նախկինում», ասաց նա:
106-րդ բանաձեւի ընդունումը հայերի հաղթանակն է
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումը, Սաֆրաստյանի համոզմամբ, համայն հայության հաղթանակն է, որը ցույց տվեց հայկական գործոնի դերն աշխարհում. «Հայկական գործոնն աշխարհում ունի իր տեղը, եւ Թուրքիան միայն սպառնալիքներով կարողացավ դանդաղեցնել այդ գործընթացը»:
Տարածաշրջանում դեռեւս առաջատարը Ռուսաստանն է
«Ռուսական դիվանագիտությունը վերջին շրջանում միտումներ է դրսեւորում Մերձավոր Արեւելքում Խորհրդային Միության ունեցած ազդեցությունը վերականգնելու առումով` փորձելով ռուսական գործոնը շոշափելի դարձնել այդ շրջանում: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իրաքի այս ճգնաժամին, նա դեռեւս սպասողական մոտեցում է ցուցաբերում այդ իրադարձություններին: Բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը սերտ կապեր է ունեցել քրդական կազմակերպությունների հետ եւ պահել է այդ կապերը», հայտարարեց թուրքագետը: Նրա համոզմամբ, Ռուսաստանը տարածաշրջանում պահպանում է առաջատար դիրքերը, որը նաեւ ի հաշիվ Հայաստանում ռուսական ռազմաբազաների է, տարածաշրջանում Ռուսաստանի լայնածավալ տնտեսական կապերի, Հայաստանում գազի գործոնի եւ քաղաքական կապերի:
Վրաստանի իրավիճակը բան չի փոխի տարածաշրջանում
Սաակաշվիլու ռեժիմը մեծ աջակցություն ունի Միացյալ Նահանգների կողմից, ընդ որում Վրաստանի ընդդիմությունն էլ հատուկ բարյացակամ վերաբերմունք չունի Ռուսաստանի նկատմամբ: Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, այս տեսանկյունից եթե Վրաստանի ընդդիմությունը նույնիսկ կարողանա հասնել Սաակաշվիլու ռեժիմի տապալմանը, այդ իրողությունը տարածաշրջանում ընդհանուր աշխարհաքաղաքական իրավճակը չի փոխի:
Ադրբեջանում իսլամական գործոնը չի փոխի ռեժիմը
«Չնայած Ադրբեջանի իշխանություններն ու ամերիկացիներն ամեն ինչ անում են իսլամական գործոնը թուլացնելու համար, բայց այն ուժեղանում է` այն էլ հիմնականում իսլամի ծայրահեղական ներկայացուցիչների շնորհիվ: Սա ոչ թե հակաամերիկանիզմ, այլ իսլամիզմ է, որն, իհարկե, շատ ուժեղ հակաամերիկանիզմ ունի: Չեմ կարծում, որ այս իսլամական գործոնը կսպառնա փոխել ռեժիմը Ադրբեջանում», Ադրբեջանի մասով նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
