Nov
1
Թեեւ 2008-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում նախնական գնահատական տալու այս ժամանակահատվածում թեկնածուների, մեր կարծիքով, հաջողված եւ չհաջողված քայլերին: Նախ նշենք, որ թեկնածուներին բաժանել ենք 2 խմբի՝ «ուժեղ» եւ «թույլ», իսկ որպես բաժանման չափորոշիչ ընտրել ենք 2 հանգամանք. 1) էլեկտորալ բազայի առկայություն եւ համարժեք նոմինացիոն կերպարի «խաղարկման» հնարավորություն, 2) հենակետային-ցանցային գործող կառույցի առկայություն:
Հոդվածը չծանրաբեռնելու համար չենք մանրամասնի վերոնշյալ կետերը, քանզի դրանց անդրադարձել ենք այլ թերթերում հրապարակված հոդվածներում:
Ներկայացնենք թեկնածուների խմբերին.
1) «Ուժեղ» խումբ - Լ. Տեր-Պետրոսյան, Ս. Սարգսյան, Վ. Հովհաննիսյան - Ա. Ռուստամյան, Ա. Բաղդասարյան: Այս խմբի թեկնածուներից յուրաքանչյուրն ունի անհրաժեշտ էլեկտորալ բազա, համարժեք նոմինացիոն կերպարի «խաղարկման» հնարավորություն եւ ցանցային կառույց:
ա) Լ. Տեր-Պետրոսյան: Այս թեկնածուն անցած տարիների ընթացքում ձեւավորել է արեւմտամետ գործչի կերպար, ինչը թույլ կտա նրան տիրանալ ՀՀ էլեկտորատի կառուցվածքում իր ուրույն տեղը զբաղեցնող «լիբերալներ» (չշփոթել քաղաքական աջ դաշտի հետ) համարվող էլեկտորալ բազային:
Լ. Տեր-Պետրոսյանի ընտրարշավն, ըստ մեզ, հավանաբար բաղկացած է լինելու մի քանի փուլից: Առաջին փուլը, մեր կարծիքով, սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը ժամանակահատվածն էր: Այս փուլի նպատակն էր ստեղծել տեղեկատվական գերազանց առիթներ՝ դրանք ճշտորեն կանոնակարգելով հերթական եւ ժամանակագրական առումով (սեպտեմբերի 21-ի ելույթ, հանդիպում ՀՅԴ-ի հետ, այց ԼՂՀ, համակիրներին ձերբակալումից «ազատում»): Շնորհիվ այս առիթների այս թեկնածուին հաջողվեց ամրապնդվել լրատվադաշտի «կենտրոնում» եւ էլեկտորատի մոտ մեծացնել իր ինքնաառաջադրման նկատմամբ ստեղծված հետաքրքրությունը, ինչը եւ իրականացրեց հոկտեմբերի 26-ի հանրահավաքին:
Երկրորդ փուլը «սկսվեց» հանրահավաքով, որի ժամանակ, շնորհիվ Լ. Տեր-Պետրոսյանի՝ ավելի շուտ գիտավերլուծական ելույթի, վերջինիս ընտրարշավի կազմակերպիչները կատարեցին այս թեկնածուին համապատասխանող «ամենախելոք» նոմինացիոն կերպարի ձեւավորման առաջին քայլը: Ենթադրում ենք, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքին հաջորդող ժամանակահատվածում այս նոմինացիան ավելի ու ավելի ընդգծված տեսք կստանա: Ի դեպ, այս թեկնածուն ի հաշիվ այլ օժանդակ նոմինացիաների կարող է նույնիսկ ընդարձակել իր կերպարը: Միաժամանակ, շնորհիվ իշխանությունների կողմից նրա նկատմամբ իրականացվող «խիստ նուրբ» քաղաքականության, Լ. Տեր-Պետրոսյանը հնարավորություն է ստանում «աշխատեցնելու» նաեւ ընտրական բացասական կամպանիա (երբ նրա դեմ շատ են գրում), որի գրագետ իրականացումն էլ ավելի կմեծացնի նրա էլեկտորալ բազան: Այսպիսով, կարող ենք փաստել, որ առաջին նախագահը սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը արդյունավետ է օգտագործել:
բ) Ս. Սարգսյան: Հաշվի առնելով այս թեկնածուի անձնային հատկանիշները եւ անցած կյանքի ուղին, նրա ընտրարշավի ռազմավարության հիմքում պետք է որ դրված լիներ անձնային-նոմինացիոն կողմնորոշմամբ ընտրողներին «գրավելու» քաղաքականությունը, մասնավորապես իրեն համապատասխանող «ամենաուժեղ» նոմինացիոն կերպարի «խաղարկումը», ինչպես նաեւ մի քանի այլ օժանդակ նոմինացիաների կիրառումը: Սակայն, ինչպես ցույց է տալիս սեպտեմբերի 21-ից հետո անցած ժամանակահատվածը, այս թեկնածուն «աշխատեցնում» է «վարչական մոտեցում» եւ «գովազդային մոտեցում» մոդելների ոչ լավագույն տարբերակները:
«Վարչական մոտեցում» մոդելը դրսեւորվում է 3 ձեւով. 1) վարչական ուղղակի ճնշում ընտրողների վրա՝ ահաբեկում, կաշառում, քվեարկության արդյունքների խեղաթյուրում եւ այլն, 2) հնարավոր բոլոր միջոցներով մրցակիցների նկատմամբ ճնշումների իրականացում՝ տեղեկատվական շրջափակում, քրեական հետապնդում եւ այլն, 3) սեփական ընտրարշավի առավել արդյունավետ իրականացման նպատակով վարչական ռեսուրսի կիրառում: Առաջին 2-ը միանշանակ դասվում են «կեղտոտ» տեխնոլոգիաների շարքին, 3-ը՝ «գորշ» տեխնոլոգիայի:
Ս. Սարգսյանը սեպտեմբերի 21-ից հետո, ինչպես նկատում ենք, «աշխատեցնում» է այս մոդելի ոչ ցանկալի տարբերակը, որը հետագայում շարունակելը հնարավորություն կտա մրցակիցներին նրա նկատմամբ կիրառել ընտրական բացասական կամպանիա: Ինչ վերաբերում է «գովազդային մոտեցում» մոդելի կիրառմանը, այս հարցում եւս սույն թեկնածուն օգտվում է այս մոդելի պարզունակ տարբերակից: Ավելին, այս թեկնածուին չհաջողվեց անցած մեկ ամսում պրոֆեսիոնալ օգտագործել տեղեկատվական առիթները, ինչի հետեւանքով նա զիջում է առաջին նախագահին: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Ս. Սարգսյանը արդյունավետ չի օգտագործել սեպտեմբերի 21-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Այս եւ մի քանի այլ կոպիտ սխալները չուղղելու դեպքում կլինենք Ս. Սարգսյանի ընտրարշավի անհաջողության ականատեսը:
գ) Վ. Հովհաննիսյան: Ըստ մեզ, այս թեկնածուն եւս պետք է փորձեր գրավել «ամենաուժեղ» նոմինացիոն կերպարի էլեկտորալ բազան (նա ունի այս նոմինացիային բնորոշ տարրեր): Սակայն, մեր կարծիքով, թեկնածուն ընտրել է ոչ ճիշտ ռազմավարություն. վերջինս ոչ միայն չի ձեւավորում համարժեք կերպար, այլեւ կատարում է իր անձի եւ ՀՅԴ-ի «նույնականացում»: Այս պատճառով հնարավոր է, որ թեկնածուն ընտրությունների ժամանակ ստանա միայն ՀՅԴ կողմնակիցների ձայները, այսինքն՝ սա կսահմանափակի թեկնածուի հնարավոր նոմինացիոն կերպարի էլեկտորալ բազան: Դաշնակցական լինելը, լավագույն դեպքում, կարող է ընդարձակել նրա նոմինացիան, բայց ոչ երբեք հանդիսանալ նոմինացիայի հիմքը: Բացի վերոնշյալից, այս թեկնածուն չի կարողանում որպես տեղեկատվական առիթ օգտագործել ՀՅԴ կառույցներում իր կողմից իրականացվող ընտրապայքարը: Ռազմավարությունն արմատապես չփոխելու դեպքում թեկնածուն կհանդիպի անհաջողության (մի քանի պատճառներով չենք անդրադառնում Ա. Ռուստամյանի թեկնածությանը):
դ) Ա. Բաղդասարյան: Ըստ մեզ, այս խմբի առավել պասսիվ թեկնածուն է: Բացարձակապես չի աշխատում իր կերպարի ձեւավորման վրա: Այս թեկնածուն լավագույնս կարող էր «խաղարկել» «ճշմարտության պատճառով տուժած» նոմինացիոն կերպարը: Սեպտեմբերի 21-ից մինչ օրս նա որեւէ էական առաջընթաց չի գրանցել:
2) «Թույլ» խումբ: Ռ. Թովմասյան, Վ. Մանուկյան, Ա. Կարապետյան եւ այլն: Այս թեկնածուները չունեն ցանցային կառույց, անցած ժամանակահատվածում այդպես էլ չկարողացան ձեւավորել ընդգծված նոմինացիոն կերպար եւ, բնականաբար, չեն կարողանալու տիրել ՀՀ էլեկտորալ բազաներից որեւէ մեկին: Վերոնշյալ հանգամանքները ենթադրել են տալիս, որ սույն թեկնածուները չեն կարող ակնկալել քվեարկության՝ իրենց համար ցանկալի բարձր արդյունք: Ընտրարշավները լուսաբանող գրականության մեջ այս կարգի թեկնածուներին անվանում են ֆոնային՝ ընտրապայքարը «գեղեցկացնող»:
Առայժմ այսքանը:
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
Source: http://www.azg.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
