ՇԱՀԱԳՈՐԾԵ՞Լ ԹԵՂՈՒՏԸ, ԹԵ՞ ՈՉՍանասարյանը «խեղճացրեց» բնապահպանության նախարարության աշխատակցին

Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրը հետզհետե ավելի շատ կրքեր է բորբոքում, իսկ քննարկումներն էլ ավելի հարձակողական եւ ագրեսիվ են դառնում: «Թեղուտի հանքավայրի շահագործմամբ, իրոք, աշխատատեղեր ստեղծվում են, բայց դրանք կվերանան 25-30 տարի հետո, երբ հանքավայրի շահագործումն ավարտվի: Դրանից հետո այդ տարածքը կդառնա մեռյալ գոտի, որտեղ ապրելն անհնար կլինի: Անգամ հարակից անտառի ուտելի պտուղները հավաքելն անհնար կլինի: Կեղծ աշխատատեղեր ստեղծելով` մենք կորցնում ենք հավերժական կայուն աշխատատեղեր», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը` արձագանքելով այն տեսակետին, թե Թեղուտի շահագործմամբ հիշյալ տարածքում աշխատատեղեր են ստեղծվելու: Իսկ այդ միտքը հնչեցրեց բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության օգտակար հանածոների բաժնի պետ Գագիկ Հարոյանը, որը բանավիճելու էր եկել Հակոբ Սանասարյանի հետ, ինչն այնքան էլ չստացվեց, քանի որ Սանասարյանն ավելի ակտիվ էր: Նա անգամ հասցրեց մեղադրել լրատվամիջոցներին, ովքեր համագործակցում են Թեղուտը շահագործելու հայտ ներկայացրած «Վալեքս գրուպ» ընկերության հետ եւ չեն խոսում հանքավայրի շահագործման բացասական հետեւանքների մասին: Տեղեկացնենք, որ օրերս «Ազգը» տպագրեց հենց Սանասարյանի ծավալուն հոդվածը Թեղուտի խնդրի վերաբերյալ: Իսկ ի՞նչ է ասում կանաչների միության նախագահը:

Հակոբ Սանասարյանը նախ դժգոհեց, որ Հայաստանում հանքահանումը կարգավորող օրենսդրություն չկա, կան նորմեր միայն, որոնք չեն հստակեցնում հանքահանման չափաքանակների հարցը: Իսկ այդ պարագայում, ըստ Սանասարյանի, մի քանի տարում մի քանի ընկերություններ մեր հանածոները կարդյունահանեն, կհարստանան, իսկ մեր երկիրը կզրկվի հանքավայրերից` սերունդներին չթողնելով ոչինչ: Գագիկ Հարոյանը փորձեց հանգստացնել Սանասարյանին, թե նախարարությունը շուտով կավարտի հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող ուսումնասիրությունը, որտեղ կմատնանշվեն թույլատրելի չափաքանակները:

Թեղուտը հանքահանման տակ դնելով, Հակոբ Սանասարյանի կարծիքով, խիստ վատ հետեւանքների ենք հասնելու: Հիշեցնենք, որ «Վալեքս գրուպ» ընկերությունը դիմել է կառավարությանը Թեղուտի հանքավայրում հանքահանմամբ զբաղվելու համար: Սանասարյանի կարծիքով, ընկերության ներկայացրած հանքահանման նախագծում շատ տվյալներ սխալ են ներկայացված. օրինակ` մշակվելիք հանքավայրերի քանակը, անտառի ուսումնասիրության արդյունքները, հատվելիք ծառերի քանակը եւ այլն:

Երբ Հակոբ Սանասարյանը մատնանշում էր Թեղուտի շահագործման վատ հետեւանքները, Գագիկ Հարոյանը փորձեց շեշտել, որ Թեղուտի շահագործումը պետք է արվի տնտեսական օգուտներն ու բնապահպանական վնասները համադրելով միայն: Ավելին, նախարարության աշխատակիցը փորձեց հանգստացնել Սանասարյանին, թե «Վալեքս գրուպ»-ի նախագիծը դեռ քննարկվում է նախարարության տարբեր վարչություններում, եւ կառավարության ու ընկերության միջեւ պայմանագիրը կնքված չէ: Սանասարյանի պնդումներին, թե ո՞րն է հանքավայրի շահագործման համար ներկայացված նախագծի լավը, Հարոյանը պատասխանեց. «Ես երկրաբան եմ, բնապահպանական մասով ես ոչինչ չեմ կարող ասել, իսկ երկրաբանական առումով նորմալ նախագիծ է»:

Ակումբի հյուրերն անդրադարձան նաեւ հանքավայրի ստորգետնյա փակ շահագործման խնդրին: Կանաչների միության նախագահը վստահ է, որ փակ շահագործման դեպքում ընկերությունը ավելի քիչ շահույթ կունենա, բայց վտանգավոր հետեւանքներն ավելի քիչ կլինեն: Գագիկ Հարոյանի խոսքով էլ, այդ դեպքում «Վալեքս գրուպը» ավելի քիչ շահույթ կունենա, բացի դրանից` Սանասարյանի մատնանշած տարբերակի դեպքում վնասները հաշվարկելու անհրաժեշտություն կա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Source: http://www.azg.am/

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/10/03/163/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: