ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԻԵրեկ Ստեփանակերտում մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ասուլիսի թեման էր` ԼՂՀ-ն եւ պայքարն ահաբեկչության դեմ:

Խորհրդարանականի խոսքով` Ադրբեջանի քաղաքական տարբեր մակարդակներում վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրի մասին: Ընդ որում` այդ ծրագիրն ընդգրկված է մշակվող ռազմական դոկտրինայի մեջ, որը հարեւան երկրում մտադիր են քննարկել խորհրդարանում:

Վ. Աթանեսյանի մեկնաբանմամբ` վերոհիշյալ դոկտրինան ունի հարձակողական բնույթ եւ թշնամանք է պարունակում: Այն ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներում է արդեն հոլովվում` հնարավոր պատերազմի դեպքում ռազմական գործողություններ կծավալվեն նաեւ ադրբեջանա-հայաստանյան սահմանի երկայնքով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների իմիտացիա ստեղծելով եւ զուգահեռաբար նման ծրագրեր մշակելով, ԱԺ պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանն ապակողմնորոշում է միջազգային հանրությանը: «Խուսափելով ԼՂՀ-ի դեմ բացահայտ պատերազմ սկսելու հայտարարություններից, Ադրբեջանը փորձում է աշխարհին համոզել, թե իբր Ղարաբաղում ահաբեկչական խմբեր են գործում: Մինչդեռ ԼՂՀ զինուժը ամբողջությամբ գտնվում է քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ», ասաց նա:

Իրականում, ըստ Վ. Աթանեսյանի, հենց Ադրբեջանն է ահաբեկչություններ իրականացրել ԼՂՀ-ի դեմ 1991-1994 թվականներին, այդ նպատակով վարձկաններ հրավիրելով տարբեր երկրներից, որոնք կռվել են ղարաբաղյան բանակի դեմ:

Առհասարակ, վարձու կռվողները գերի չեն ընկնում պատերազմում, եւ այն փաստը, որ ղարաբաղյան կողմը գերի է վերցրել նաեւ վարձկանների Թուրքիայից, Աֆղանստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից, վկայում է ադրբեջանական բանակում նրանց մեծ թվաքանակի առկայության մասին:

Վ. Աթանեսյանը նաեւ հիշատակեց, որ այլ երկրներից վարձկանների հավաքագրում էր Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից Ռովշան Ջավադովը, որին հետագայում ֆիզիկապես ոչնչացրել են հենց Ադրբեջանում: Նրա եղբայրը` Մահիր Ջավադովը, որը նույնպես տիրապետում էր վարձկանության վերաբերյալ գաղտնի տվյալներին, ներկայումս վտարանդիության մեջ է ու գտնվում է Արեւմտյան Եվրոպայի երկրներից մեկում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ահաբեկչական խմբավորումներ գործելու մասին որեւէ փաստ Ադրբեջանը չունի, ուստի ահաբեկչական գործողություններ իրականացնելու նրանց ծրագիրը ոչնչով հիմնավորված չէ, շեշտեց խորհրդարանականը: Իբրեւ դրան հակադրվելիք միջոց, Վահրամ Աթանեսյանը կարեւոր համարեց ԼՂՀ-ում ազգային անվտանգության հայեցակարգի մշակումն ու ընդունումը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Source: http://www.azg.am/

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/10/03/157/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: