Նախկին թիմակից Օկրուաշվիլին մեղադրում է վրաց իշխանություններինՆախկին թիմակից Օկրուաշվիլին մեղադրում է վրաց իշխանություններին

«Ես մեկ անգամ չէ, որ նախագահ Սաակաշվիլուց հանձնարարություն եմ ստացել վերացնելու այս կամ այն ազդեցիկ մարդուն»: «Սաակաշվիլին ուղղորդվում է վրաց եկեղեցու հանդեպ ներքին ատելությամբ»: «Մեզ կորցրած տարածքներից մեկի վերադարձին մեկ քայլ էր մնում, եթե չլիներ նախագահի անկարողությունը, իշխանությունը կորցնելու, քաղաքական եւ պատմական որոշում կայացնելու վախով հիվանդացած Սաակաշվիլու վախկոտությունը, անօգնականությունը»:

Ի թիվս այլ հայտարարությունների եւ սեփական «Շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունը ներկայացնելիս երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, 2006-ի նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացած Օկրուաշվիլին, խախտելով այդ ժամանակից պահպանած լռությունը, նաեւ խոստացել է պատասխանել բոլոր կուտակված հարցերին՝ չթողնելով ոչ մի հարց անպատասխան:

«Վերջին ժամանակներս երկրում զարգացող իրադարձությունները, ֆաշիստական միտումները եւ վրաց պետության դեմ իշխանությունների քայլերն ստիպեցին մեզ կանգնել հանրության առաջ: Սաակաշվիլու կառավարման ոճը, որ անցել է բոլոր սահմանները, կյանքի ամենօրյա կանոն է դարձրել անբարոյականությունը, անարդարությունը, մարդկանց ստորացումը, ամենօրյա ռեպրեսիաները, տների ու եկեղեցիների ավերումը, մարդկանց թալանումը, սպանությունները, ընդգծում եմ՝ մարդկանց սպանությունները դարձել են իշխանությունների սովորական կանոններ: Դա բերեց իր հետեւանքը, ինքնըստինքյան նպատակն էր վախեցնել մարդկանց, եւ այսօր շատերն այդ պատճառով ձեռնպահ են մնում հանրային բեմ դուրս գալուց: Ցուցադրական պայքար են մղում կոռուպցիայի դեմ, եւ նախագահի հայտարարած «զրոյական հանդուրժողականությունը» (հանցագործության նկատմամբ) ակնհայտորեն ընտրովի է: Այն տարածվում է միայն չունեւորների վրա, ինչպես Շեւարդնաձեի ռեժիմի ժամանակ: Իսկ ուղտերի գողերը նստած են իշխանական կառույցներում, նույն մարդասպանները, եւ նրանց անպատժելիության սինդրոմն օրեցօր մեծանում է»:

Օկրուաշվիլին, եթե կարելի է այդպես արտահայտվել, լավատեղյակ եւ քաջատեղյակ լինելով Սաակաշվիլու կառավարման իրականությանը, մեղադրանքներից անմասն չի թողել Սաակաշվիլու ընտանիքին, մերձավորներին, իշխանության մեջ գտնվող մարդկանց կողմից միլիոնների կուտակումը եւ այլն: Օկրուաշվիլին ներկայացրել է նյութեր, թե Սաակաշվիլին հաճախ բարեխոսել է այս կամ այն հանցագործներին ազատելու համար:

Ընդգծելով իշխանական այս վիճակի համար պատասխանատվության սեփական բաժնի գիտակցումը, ժամանակին Վրաստանում թերեւս երկրորդ անձ Իրակլի Օկրուաշվիլին մեղադրանքի բաժին է հանում նաեւ ներկայիս պաշտպանության նախարար Վանո Մերաբիշվիլուն: Ամեն դեպքում, Օկրուաշվիլու հայտարարությունը, որը հսկայական իրարանցում է առաջացրել Վրաստանում, ավարտվում է տիպիկ նախագահական նախընտրական ճառով. «Ես հավատացել եւ այսօր էլ հավատում եմ, որ Վրաստանը միասնական կլինի միայն միասնական հասարակության պայմաններում, երբ ողջ հասարակությունը կոչված կլինի միավորելու երկիրը: Միասին կլինենք միայն այն նախագահի դեպքում, որը չի վիրավորի իր ժողովրդին եւ հասարակությանը»:

Հետաքրքրական է, որ ձեւավորվող հակազդեցության մեջ Օկրուաշվիլին միայնակ չէ: Վերջին ժամանակներս զանգվածաբար աշխատանքից ազատվում էին բոլոր նրանք, ովքեր աշխատանքի էին ընդունվել Օկրուաշվիլու օրոք կամ ընկալվում էին որպես նրա մարդիկ: Բացի այդ, վրացական ֆինանսական հարցերով պատասխանատու մարմինները հայտարարում են, որ Օկրուաշվիլու նորահայտ կուսակցությունն արդեն իսկ հասցրել է կեղծել սեփական գրասենյակի վաճառքի պայմանագիրը՝ 1,8 մլն դոլար վճարված գումարի փոխարեն նշելով 250 հազար դոլար: Ֆինանսական ստուգման են ենթարկվում նաեւ Օկրուաշվիլու ընկերներին պատկանող տնտեսական օբյեկտներն ու ընկերությունները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Source: http://www.azg.am/

Permanent link:  http://www.armpress.com/azg/2007/09/26/57/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: